Արցախում երկրաշարժի էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ. Արտակ Բեգլարյան
Այսօր տեղական ժամանակով ժամը 10:24-ին, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք հատվածում, 10 կմ խորությամբ տեղի ունեցած 3.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից զոհեր և ավերածություններ չկան, ճանապարհները նույնպես չեն վնասվել:
Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ իր ֆեյսբուքյան գրառման մեջ:
«Միայն էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ, մասնավորապես՝ պատերի ճեղքերի առաջացում կամ խորացում: Իրավիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան բնակչության մոտ»,-հավելել է Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:










