Ֆրանսիայի ազդեցիկ քաղաքական գործիչները մտադիր են համոզել թեկնածու Ֆիյոնին ինքնաբացարկ ներկայացնել
Ֆրանսիայի «Հանրապետականներից» մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ մտադիր են մարտի 6-ին կոչ անել իրենց կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին ինքնաբացարկ հայտարարել և չմասնակցել նախընտրական մրցավազքին: Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
«Քաղաքական ծանրակշիռների» դերում հանդես են գալու «Հանրապետականներից» Քրիստիան Էստրոզին, Խավիեր Բերտրանը և Վալերի Պեկրեսը: Բանն այն է, որ համակուսակիցներն ուզում են խուսափել անախորժությունից, որում հայտնվել են Ֆիյոնի հետ կապված սկանդալի ֆոնին:
Ավելի վաղ Քրիստիան Էստրոզին հայտարարել էր, որ որպես Ֆիյոնին առավել ակնհայտ փոխարինող տեսնում է Բորդոյի քաղաքապետ Ալեն Ժյուպեին, ով զբաղեցրել էր երկրորդ տեղը կենտրոնամետ աջերի փրայմերիզում անցյալ տարվա նոյեմբերին: Ժյուպեն ինքն էլ հայտարարել է, որ երկուշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ:
Իր հերթին, Ֆիյոնը, հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել մրցավազքում իր հետագա մասնակցությունից:
«Ոչ ոք այսօր չունի իշխանություն կանխելու իմ թեկնածու լինելը», - նշել էր քաղաքական գործիչը:










