Ղազախստանի խորհրդարանը քվեարկել է իր դերն ընդլայնելու օգտին
Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների պատգամավորները համատեղ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են Սահմանադրությունում փոփոխություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկուշաբթի ընդունված փոփոխություններն ուղղված են երկրի քաղաքական կյանքում խորհրդարանի և կառավարության դերի ընդլայնմանը՝ նրանց նախագահական լիազորությունների մի մասը փոխանցելու հաշվին:
Օրենքի նախագիծն ընդլայնում է ստորին պալատի դերը կառավարության ձևավորման ժամանակ, ինչպես նաև խորհրդարանին ավելի շատ հնարավորություններ է տալիս վերահսկելու համար կառավարության աշխատանքը:
2016 թվականի դեկտեմբերին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել էր հատուկ հանձնաժողովին քննարկել նախագահի, խորհրդարանի և կառավարության միջև լիազորությունների վերաբաշխման հնարավորությունը՝ նշելով, սակայն, որ Ղազախստանը միևնույն է՝ կմնա կառավարման նախագահական համակարգով պետություն:










