ՌԴ-ն առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում ՀՀ. Դ. Կիսելյով (տեսանյութ)

17:30 • 06.03.17

Հայաստանում պարբերաբար առաջ եկող հակառուսական տարրերը միշտ չէ, որ ռացիոնալ են, արդարացի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ապրիլյան իրադարձություններից, երբ ՌԴ-ն շարունակում էր զենք մատակարարել Ադրբեջանին, ՀՀ-ում ստեղծված հակառուսական տրամադրությունները անհանգստացնո՞ւմ են պաշտոնական Մոսկվային:

Կիսելյովը հիշեցրեց, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջացան, երբ Գյումրիում ողբերգական միջադեպ գրանցվեց, ռուսական ռազմաբազայի զինվորը սպանեց հայ ընտանիքին:

«Միշտ էլ կան մարդիկ, պետություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում հակառուսական տրամադրությունների ստեղծմամբ: Եթե դրանք խեղդեն Հայաստանը, գեղեցիկ չէ հետո ընդունել, որ եղածը մանիպուլյացիա էր: Հատկապես, երբ ցանկացած դեպք կարելի է օգտագործել հակառուսական տրամադրություններ հրահրելով: Գերմանական ասացվածք կա՝ հարաբերությունները խնամքի կարիք ունեն: Երկու անձանց հարաբերությունները խնամել է պետք, պետությունների հարաբերություններն էլ խնամել է պետք: Հեշտ կլիներ Ռուսաստանում էլ հակահայկական տրամադրություններ սերմանել, երբ հայ վարորդը Ռուսաստանում, հիշում եք, ինչ արեց: Բայց այդ դեպքում էլ Հայաստանում հակառուսական տրամադրություններ առաջացան, որովհետև նրան հագցրել են այն, ինչ կար հիվանդանոցում՝ խալաթ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքին, ապա Դմիտրի Կիսելյովն ասաց, որ Ադրբեջանը զենքի շուկայից է սպառազինություն գնում, իսկ Ռուսաստանը աշխարհում 2-րդն է ԱՄՆ-ից հետո՝ զենք-զինամթերքի շուկայում:

«Ադրբեջանը կարող է զենք գնել Իսրայելից, ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից: ՌԴ-ն 2-րդն է սպառազինության մատակարարման ոլորտում: Այստեղ չկա քաղաքական որևէ բաղադրիչ: Գործնական հարաբերությունները ավելի լավ են, քան հարաբերությունների բացակայությունն առհասարակ: Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ կառավարում է Ադրբեջանը: Ուզում եմ՝ ճիշտ հասկանաք՝ կառավարում է, վերահսկում է: Հարաբերությունների բացակայությունը վերահսկողության բացակայությունն է: Եթե մենք կոնտակտ ունենք, ազդել կարող ենք, եթե չունենք, չենք կարող: Հաղորդակցությունն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Իսկ այս դեպքում վերահսկողությունը, կառավարումը ձեռնտու է Հայաստանին, ՀՀ հետաքրքրությունների շրջանակում է»,- ասաց տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենը:

Դմիտրի Կիսելյովն ասաց, որ Հայաստանն էլ Ռուսաստանից զենք է գնում, բայց ոչ միշտ «առձեռն»:

«Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա: Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի արագ է զարգանում, քան Հայաստանինը, որովհետև այնտեղ կա նավթ և որպեսզի անհավասարությունը հարթվի, Ռուսաստանը ստիպված է նման քայլի գնում: Զենքն ինքնին չի կրակում, մարդիկ են կրակում ու կապ չունի՝ ինչ զենք է դա: Չկա այստեղ որևէ քաղաքական բաղադրիչ, իսկ եթե կա, ուրեմն այն տարածաշրջանում բալանս ապահովելու համար է արվում այս բարդ սխեմայի արդյունքում, որն ասացի»,- շեշտեց Դմիտրի Կիսելյովը: