Կոմունիստական կուսակցությունը ապահով ծերություն է խոստանում տարեցներին, երջանիկ մանկություն՝ երեխաներին

14:45 • 06.03.17

 

Մեզ մեղադրում են նրա մեջ, թե իբր մենք տառապում ենք խորհրդային տարիների կարոտախտով, բայց մենք ուզում ենք մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր ձեռքբերումները, որոնք ունեցանք խորհրդային տարիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը:

Տաճատ Սարգսյանն ասաց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում սոցիալական խնդիրներ չկային, քաղաքացին կարողանում էր մատչելի կերպով օգտվել բոլոր ծառայություններից, ոչ մի ծնող չէր մտածում, թե ինչպես երեխան պիտի բուհ ընդունվի, ինչպես սնվի:

«Ծիծաղելի է, որ հիմա երեխան բուհ չընդունված ծնողը մտածում է, թե որ բանկից պարտք անի, ավարտելուց հետո էլ պետությունը չի հոգում նրանց աշխատանք տալով: Հայաստանի 2-րդ 3-րդ բնակիչները պարտքի տակ են, արտագաղթում են: Հայաստանի ամեն 10-րդ բնակիչ քաղցած է քնում ու պայմաններ չեն ստեղծվում, որ արտագաղթը կանխվի, որ տան տղամարդը մնա տան գլուխ, որ տան կինը չգնա Թուրքիա ու Էմիրատներ, որ երեխայի համար սնունդ հայթայթի։ Անհարմար է, որ հայ կանայք գնում են ու մնում են այնտեղ: Մարտի 8 է, ես կոչ եմ անում հայ կանանց վերադառնալ ընտանիք, երեխաների, ամուսնու կողքին: Այո, պետք է աստիճանաբար վերադառնալ ԽՍՀՄ տարիների ժամանակ ընձեռված հնարավորություններին»,- շեշտեց Տաճատ Սարգսյանը:

Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը ողջունեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: «Մենք՝ կոմունիստներս, պարտավոր ենք մտածել ժողովրդի անվտանգության մասին: Մտնելով ԵԱՏՄ մենք կվերականգնենք տնտեսական նախկին կապերը, կստեղծենք նորը: Իշխանությունները ճիշտ քաղաքականություն են վարում, որ ԵԱՏՄ մեջ մտնելը չի հակադրում ԵՄ հետ հարաբերվելուն»,- նշեց Սարգսյանը:

Կոմկուսը հանդես է գալիս «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով և նախընտրական ծրագրով առաջարկում է աշխատանք յուրաքանչյուրի համար, արժանավայել աշխատավարձ, անվճար, որակյալ կրթություն, անվճար, մատչելի առողջապահություն, տարեցներին՝ բարեկեցիկ, ապահով ծերություն, երեխաներին՝ երջանիկ մանկություն, երիտասարդ ընտանիքներին բնակարանային ապահովություն, արդյունավետ ու խնայողական տնտեսություն:

«Խորհրդարան մտնելով մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս ամենը կիրառենք: Մեզ համար պարարտ հող կա խորհրդարան անցնելու: Եթե հաղթեն կոմունիստները, կհաղթի ժողովուրդը: Մեզ հաճախ հարցնում էին՝ էս որտե՞ղ էիք, չեք երևում ու հանկարծ քայլ եք անում ԱԺ մտնելու: Կամ հարցնում են՝ ինչո՞ւ դաշինք չեք կազմում այլ ուժերի հետ: Մենք դաշինք ենք կազմել ժողովրդի հետ, մեր դաշնակիցը ժողովուրդն է: Այսօր էլ ժողովուրդը ցանկություն ունի, որ կոմկուսը մտնի ԱԺ»,- ընդգծեց Տաճատ Սարգսյանը: