Սիրիահայ համայնքը 70 տոկոսով հայաթափվել է. Սփյուռքի նախարարության պաշտոնյան՝ սիրիական պատերազմից 6 տարի անց հայ համայնքի ճակատագրի մասին (տեսանյութ)
ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց հայ համայնքի ճակատագիրը սիրիական պատերազմից վեց տարի անց:
Ըստ Անտոնյանի՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2009թ-ին, այսինքն՝ մինչև սիրական պատերազմը հայ համայնքը հաշվվում էր շուրջ 120 000 մարդ: «Բայց պատերազմական վիճակը ստիպեց, որպեսզի հայ համայնքը ևս հայաթափման ենթարկվի և մեծամասամբ կարելի է ասել գրեթե 70 տոկոսով համայնքը հայաթափվեց: Այս պահի դրությամբ համայնքում մնացել է 25-ից 30 000 հայություն, դրանց գերակշիռ մասը Հալեպում»,-ասաց նա:
Ըստ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետի՝ հանգամանքների բերումով հայ համայնքի մի մասը ապաստան գտան հարևան երկրներում, հարակից երկրներում, մի մասը հաստատվեց հայրենիքում:
«ՀՀ-ում գտնվում է 22 000 սիրիահայ և եթե փաստացի վերցնենք՝ միջազգային ճգնաժամի պայմաններում եվրոպական երկրների շարքում Հայաստանը համարվում է երրորդ երկիրը, որը, չնայած մեր սահմանափակ ռեսուրսներին, ընդունել է սիրիահայ քաղաքացիների»,-ասաց նա:
Լևոն Անտոնյանը նշեց, որ 2012թ-ից Սփյուռքի նախարարության վրա է դրվել սիրիահայերի համակարգման աշխատանքը: Պաշտոնյան ներկայացրեց այս տարիների արված աշխատանքը ամփոփ՝ սկսելով փաստաթղթերի հարցի կարգավորումից: Ըստ նրա՝ արագացված կարգով ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն են ստացել և բացառիկ հնարավորություն է ընձեռվել հենց այնտեղ հայկական անձնագրեր ստանալու:
Այնուհետև, ըստ պաշտոնյայի, մուտքի արտոնագրերի հնարավորությունն է պարզեցվել, անձնական օգտագործման մեքենաներն ազատվել են ներմուծման տուրքերից, վարորդական վկայականների փոխանակման գործընթաց է տեղի ունեցել, որպես սիրիահայերը կարողանան ՀՀ-ում իրենց սիրիական վարորդական վկայականները օգտագործել, նաև դիպլոմների ճանաչում է տեղի ունեցել, որ սիրիահայերն այստեղ ևս կարողանան ուսումը շարունակել:
Լևոն Անտոնյանն առաձնացրեց սիրիահայերի բնակարանների խնդիրը, որը դեռևս վերջնական լուծում չի ստացել: Ըստ նրա՝ սկզբնական փուլում՝ 2012-2013 թթ-ին, մեծ հոսքերի ժամանակ մեծ աջակցություն է եղել հենց հայաստանցիների կողմից: «Մեծ թվով անհատներ իրենց բնակարանը անհատույց տրամադրեցին սիրիահայերին, հետագայում աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից ֆինանսական միջոցներ ձեռք բերելով՝ հնարավորություն տվեց շուրջ 1000 ընտանիքների բնակվարձի ծրագիր իրականացնել, այսինքն՝ փոխհատուցում է իրականցվում: Բնակվարձերի փոխհատուցման համար հատուցում է նաև Հայ Ավետարանչական ընկերակցությունը, մի մասը սիրիահայերի տեղավորվել են հայ Կաթողիկե եկեղեցու կացարաններում»,-ասաց նա:
Սփյուռքի նախարարության պաշտոնյան ասաց, որ սիրիահայերը ՀՀ-ում հնարավորություն ունեն անճար բուժօգնություն ստանալ պետպատվերի շրջանակներում, սիրիահայ ուսանողների ուսման վարձերի 70 տոկոսը նույնպես փոխհատուցվում է: Գործարարներին ցածր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրվել, որոնք թեև անհամեմատելի են Սիրիայում ունեցած իրենց եկամուտների համեմատ:










