Ոչ մի հիմք չկա մտածելու, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը չի ստորագրվի. Եժի Նովակովսկի

14:49 • 06.03.17

Ոչ մի հիմք չկա մտածելու, որ Եվրամիության հետ Հայաստանի շրջանակային համաձայնագիրը չի ստորագրվի. լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:

«Եվրախորհրդի նախագահ Դանոլդ Տուսկը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հայտարարեցին, որ բանակցություններն ավարտել են»,- մատնանշեց նա՝ հավելելով, որ բանակցային փուլում որոշ խնդիրներ առաջացան, քանի որ Հայաստանը տեղեկացնում էր, որ որոշ կետերի հետ համաձայն չէ, քանի որ խախտում էր իր համաձայնությունները՝ ձեռք բերված Եվրասիական տնտեսական միության հետ փաստաթղթերով:

«Ներկայումս ընթանում են տեխնիկական աշխատանքներ, որպեսզի մայիսին շրջանակային համաձայնագիրը ստորագրվի»,- ասաց նա:

Նա համեմատություն անցկացրեց Ասոցացման և Շրջանակային համաձայնագրերի միջև, մատնանշեց, որ Ասոցացման համաձայնագիր կնքած երկրները պետք է հայտարարեն, որ հետագայում պատրաստվում են համալրել Եվրամիության երկրների շարքերը, իսկ շրջանակային համաձայնագրի դեպքում՝ երկու կողմերը համագործակցում են որոշակի ոլորտներում: 

«Այդ համաձայնագիրը կարգավորում է առևտրային, մաքսային, կոռուպցիայի դեմ պայքարի և վիզայի դյուրացման գործընթացի հետ կապված հարցեր»,- ասաց նա:

Եժի Նովակովսկին նշեց, որ վիզայի դյուրացման հետ կապված կետն արդեն ընդգրկված է բանակցված պայմանագրի մեջ: 

«Իհարկե, մենք գնալու ենք նրան, որպեսզի վիզային արտոնագրային ռեժիմը գոյություն չունենա երկրների միջև, սակայն դեռևս այն հարթակի վրա ենք, որ աշխատում ենք վիզայի դյուրացման գործընթացի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ իհարկե Հայաստանի համար այն շատ երկար գործընթաց է, իսկ Ասոցացման պայմանագիր կնքած երկրների համար այն առավել դյուրին գործընթաց է: