Ռաուլ Կաստրոն քննադատել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու որոշումը

08:44 • 06.03.17

Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն կոշտ քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթին, առևտրին և արտաքին հարաբերություններին վերաբերող քաղաքականությունը:


Ինչպես նշում է Reuters–ը, խոսելով հարևան Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք վիճահարույց պատի մասին՝ Կուբայի ղեկավարը նկատել է, որ դա «ոչ ռացիոնալ» և «եսասիրական» որոշում է:


Հեռուստատեսային ելույթի ժամանակ Կաստրոն հայտարարել է, որ այդ պատն ուղղված է ոչ միայն մեքսիկացիների, այլ, ընդհանրապես, բոլոր լատինամերիկացիների դեմ:


«Դուք չեք կարող զսպել աղքատությունը, աղետներն ու ներգաղթը պատերի օգնությամբ: Փոխարենը պետք է համագործակցել, իրար հասկանալ ու խաղաղության ձգտել»,-ասել է Կաստրոն:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թրամփի վարչակազմը ֆինանսական խնդիրների է բախվել Մեքսիկայի հետ սահմանին աղմկահարույց պատի կառուցումը սկսելու հարցում:


Վարչակազմին առայժմ հաջողվել է ընդամենը 20 մլն դոլար հատկացնել, ինչը կբավականացնի միայն նախապատրաստական աշխատանքներին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատի կառուցումը սկսվելու է հնարավորինս արագ ու ֆինանսավորվելու է հենց Մեքսիկայի իշխանությունների կողմից:


Ըստ նախնական հաշվարկների՝ պատի կառուցման համար անհրաժեշտ է 21.6 մլրդ դոլար: