Ընտրողների միայն 43%-ն է կողմնորոշված, թե որ ուժին է ընտրելու.Ահարոն Ադիբեկյան

13:58 • 07.03.17

2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Գելափ ինթերնեյշնլ»-ը կանխատեսել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 28 տոկոս ձայն, «Բարգավաճ Հայաստանը»՝ 21 տոկոս։ Նրանց հարցման համաձայն՝ խորհրդարան անցնում էին երեք կուսակցություն`ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, և «Հայ ազգային կոնգրեսը»: Սակայն իրականում ՀՀԿ-ն ստացավ 44 տոկոս, ԲՀԿ-ն՝ 30, իսկ խորհրդարան անցան նաև «Օրինաց երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցությունները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ զերծ մնալով գնահատական տալ «Գելափ ինթերնեյշնլ»-ի վերջին սոցհարցմանը:

Ահարոն Ադիբեկյանը չներկայացրեց նաև իր հարցումների մասին տեղեկություններ, որովհետև դրանք դեռևս վերջնականորեն ամփոփված չեն, սակայն ասաց, որ հարցմանը մասնակցածների միայն 43 տոկոսն է կողմնորոշվել, թե որ ուժի օգտին է քվեարկելու:

«Հարցումներից ասեմ, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ են հիմնական պայքարի մեջ, և այդ ուժերի միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ»,-ասաց նա։

Ասուլիսին ներկա հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասաց, որ Ահարոնյանի անցկացրած հարցումներն ավելի ստույգ են, քանի որ նա հաշվի են առնում նաև հոգեբանական ճնշումները, կեղծիքները, ընտրակաշառքը. «Որովհետև այլ բան է ասել՝ սրան եմ ընտրում, այլ բան է՝ գնալ ու ընտրել»:

Անդրադառնալով քարոզչամիջոցներին՝ տեսահոլովակներ, միջոցառումներ և այլն, Սամվել Խուդոյանն ասաց, որ ՀՀ-ում լուրջ շեշտադրում սրա վրա չի դնում:

«Տեսահոլովակները յուրահատուկ ու հզոր մեխանիզմներ են, որոնց նպատակն է հուզական երանգ ստեղծել և ասոցացնել համապատասխան անձի կամ քաղաքական խմբի հետ: Կան նաև բացասական հուզական պահեր ստեղծող տեսահոլովակներ, որոնք պայքարում են իշխանության դեմ, բայց չէ՞ որ այդ բացասական հուզականությունը կպնում է նաև իրենց անվանը»,- շեշտեց Խոդոյանը:

Անդրադառնալով կարգախոսներին՝ Սամվել Խուդոյանն ասաց, որ ամենահաջողված կարգախոսը ՀՀԿ-ին է:

Նշենք, որ «Գելափ ինթերնեյշնլ»-ի վերջին սոցհարցման համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում հասարակությունն ավելի շատ պատրաստ է իր վստահության քվեն տալ «Ծառուկյան» դաշինքին՝ 26.4 տոկոս, քան իշխող ՀՀԿ-ին՝ 22,8 տոկոս ձայն: