Մալայզիայի իշխանությունները շրջափակել են Հս. Կորեայի դեսպանատունը
Մալայզիայի իշխանությունները շրջափակել են մայրաքաղաք Կուալա Լումպուրում գտնվող Հյուսիսային Կորեայի դեսպանատունը, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ դա արվել է դեսպանատան շենքի ներսում գտնվողների ստույգ թիվը ճշտելու նպատակով:
Մալայզիայի ներքին գործերի փոխնախարար Նուռ Ջազլան Մուհամեդը նշել է, որ հյուսիսկորեացի դիվանագետներին թույլ չի տրվի լքել շենքը, քանի դեռ իրավապահները չեն հաշվել բոլորին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մալայզիայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների սրման ֆոնին միառժամանակ արգելել են իրենց տարածքում գտնվող հյուսիսկորեացիներին լքել երկիրը:
Մալայզիան որոշումը կայացրել է ի պատասխան Փհենյանի քայլի, որով Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող մալայզիացիներին ժամանակավորապես արգելվում է լքել երկիրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալայզիան Հյուսիսային Կորեայի դեսպանին «անցանկալի անձ» էր հայտարարել ու կարգադրել երկիրը լքել 48 ժամվա ընթացքում:
Երկու պետությունների միջև հարաբերությունները սրվել են փետրվարի կեսերից, երբ Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում սպանվեց Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի վտարված եղբայրը՝ Կիմ Չոն Նամը:
Մալայզիան միայնակ է հետաքննում սպանության գործը՝ հրաժարվելով համագործակցել Փհենյանի հետ, մինչդեռ Փհենյանը չի ընդունում, որ սպանվածը Կիմ Չեն Ընի եղբայրն է: Հավելենք, որ շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Կիմ Չոն Նամին սպանել են հյուսիսկորեացի գաղտնի գործակալները՝ երկրի ղեկավարի հրահանգով:










