Հանրապետականները միաձայն պաշտպանել են Ֆիյոնի թեկնածությունը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացել է «Հանրապետականների» միահամուռ աջակցությունը նախընտրական քարոզարշավին հետագա մասնակցության համար, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
«Քաղաքական կոմիտեն լայնածավալ կարծիքների փոխանակումից հետո միաձայն վերահաստատել է իր աջակցությունը Ֆրանսուա Ֆիյոնին և պարտավորվում է աշխատել այն նախագծի շուրջ, որը նա քարոզում է երկրի վերածննդի համար», - հայտարարել է Ֆրանսիայի Սենատի ազդեցիկ ներկայացուցիչներից Ժերար Լարշեն:
Ըստ նրա՝ մոտ ապագայում Ֆիյոնը հանդես կգա մի շարք նախաձեռնություններով, որպեսզի միասին պաշտպանեն երկրի արժեքները: «Այսպիսով Հանրապետականները միավորվում են Ֆրանսուա Ֆիյոնի շուրջ մեծ վճռականությամբ», - եզրափակել է Լարշեն Սենատում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի «Հանրապետականներից» մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ մարտի 6-ին կոչ էին արել իրենց կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին ինքնաբացարկ հայտարարել և չմասնակցել նախընտրական մրցավազքին: Համակուսակիցներն ուզում էին խուսափել անախորժությունից, որում հայտնվել են Ֆիյոնի հետ կապված սկանդալի ֆոնին:
Սակայն կիրակի օրը Ֆիյոնին աջակցելու համար Փարիզում նրա կողմնակիցները բազմահազարանոց ցույց էին կազմակերպել, որտեղ Ֆիյոնը կրկնեց, որ ինքը չի հանելու իր թեկնածությունը և պատրաստ է պայքարել մինչև վերջ:










