Ամերիկյան և բրիտանական ռազմանավերը ստիպված են եղել փոխել ուղղությունը մոտեցող իրանական նավերի պատճառով
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանման նավերը Հորմուզի նեղուցում վտանգավոր տարածության վրա են մոտեցել ամերիկյան ռազմանավին, ինչի պատճառով ամերիկյան նավը ստիպված է եղել փոխել շարժման ուղղությունը:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, իրանական նավերի և USNS Invincible ամերիկյան ռազմանավի միջև հեռավորությունը եղել է 600 մ:
Միջադեպի հետևանքով իրենց ուղղությունը փոխել են նաև USNS Invincible-ին ուղեկցող 3 բրիտանական ռազմանավ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը փորձ է արել ռադիոկապ հաստատել, սակայն իրանցիները չեն պատասխանել, ինչն էլ անհանգստության առիթ է տվել:
Reuters-ը նկատում է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Վաշինգտոնի և Թեհրանի միջև խիստ լարված հարաբերություններ են:
Չնայած, որ 2015թ. Իրանը պատմական միջուկային համաձայնագիր է կնքել «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) հետ՝ պարտավորվելով պատժամիջոցների չեղարկման դիմաց սառեցնել վիճահարույց միջուկային ծրագրի զարգացումը, այնուհանդերձ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է չեղարկել համաձայնագիրը՝ այն «անհեթեթ» որակելով:










