Մալայզիան արգելել է հյուսիսկորեացիներին լքել երկիրը. նման որոշում է կայացրել նաև Հս. Կորեան

09:00 • 07.03.17

Մալայզիայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների սրման ֆոնին միառժամանակ արգելել են իրենց տարածքում գտնվող հյուսիսկորեացիներին լքել երկիրը:


Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին:


Աղբյուրը մանրամասնում է, որ Մալայզիան որոշումը կայացրել է ի պատասխան Փհենյանի քայլի, որով Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող մալայզիացիներին ժամանակավորապես արգելվում է լքել երկիրը:


Հյուսիսային Կորեայի իշխանություններն այս որոշումը բացատրել են նրանով, որ ցանկանում են ապահովել Մալայզիայում գտնվող իրենց քաղաքացիների ու դիվանագետների անվտանգությունը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալայզիան Հյուսիսային Կորեայի դեսպանին «անցանկալի անձ» էր հայտարարել ու կարգադրել երկիրը լքել 48 ժամվա ընթացքում:


Նշենք, որ 2 պետությունների միջև հարաբերությունները սրվել են փետրվարի կեսերից, երբ Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում սպանվել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի վտարված եղբայրը՝ Կիմ Չոն Նամը:


Մալայզիան միայնակ է հետաքննում սպանության գործը՝ հրաժարվելով համագործակցել Փհենյանի հետ, մինչդեռ Փհենյանը չի ընդունում, որ սպանվածը Կիմ Չեն Ընի եղբայրն է: Հավելենք, որ շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Կիմ Չոն Նամին սպանել են հյուսիսկորեացի գաղտնի գործակալները՝ երկրի ղեկավարի հրահանգով: