Հայաստանը սոցիալ-տնտեսական զարգացում է ապրում. ՀՀ-ից ապաստան հայցած թալիշ բլոգեր

18:18 • 07.03.17

Հայաստանը սոցիալ-տնտեսական զարգացում է ապրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանից ապաստան հայցած թալիշ ընդդիմադիր բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման մասնակից Շահին Միրզոևը:

«Հայաստանն իսկապես ապրում է իր իրական սոցիալական և տնտեսական զարգացումը:  Այդ ամենն ուղղակի պետք է տեսնել սեփական աչքերով, այլ ոչ թե AzTV-ի, որը ղեկավարում է Իլհամ Ալիևի ռեժիմ-ընտանիքը»,- նշել է Միրզոևը` ասելով, որ ինքը կմերկացնի ադրբեջանական իշխանական հեռուստաալիքներով քարոզվող սուտը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարել է Ադրբեջանից Շահին Միրզոևի և նրա ընտանիքի` Հայաստան փախչելու և ՀՀ իշխանություններից ժամանակավոր ապաստան խնդրելու մասին:

«Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից՝ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքներ կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»,- ասվում է հայտարարության մեջ։