ԱՄՆ-ն սկսել է THAAD հակահրթիռային համակարգերի տեղակայումը Հրվ. Կորեայում (լուսանկարներ)

09:51 • 07.03.17

Միացյալ Նահանգները սկսել է գերժամանակակից THAAD հակահրթիռային համակարգերի տեղակայումը Հարավային Կորեայի տարածքում, ինչը պայմանավորված է վերջին շրջանում Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների ակտիվ փորձարկումներով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությանը հղումով:


«Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները՝ այդ թվում նաև բալիստիկ հրթիռների արձակումները, միայն ամրապնդում են մեր դաշինքի՝ THAAD հակահրթիռային համակարգերը Հարավային Կորեայում տեղակայելու որոշումը»,-հայտարարել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ծովակալ Հարի Հարիսը:


Աղբյուրը նկատում է, որ այս քայլից հետո զգալի լարվածություն կառաջանա Հարավային Կորեայի և Չինաստանի միջև, քանի որ Պեկինը կտրուկ դեմ է, որ այդ համակարգերը տեղակայվեն Հարավային Կորեայում ու խախտեն տարածաշրջանային անվտանգության հավասարակշռությունը:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Փհենյանի կողմից արձակված 4 բալիստիկ հրթիռներն ընկել են Ճապոնիայի ափերից մոտ 300 կմ հեռավորության վրա: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների հետ:


Նշենք, որ վաղը՝ մարտի 8-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրթիռների արձակման հարցով նիստ կհրավիրի: