ԱՄՆ Հավայի նահանգն առաջինը դատարանում կվիճարկի Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը
ԱՄՆ Հավայի նահանգի իշխանությունները դատարանում կվիճարկեն նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ներկայացվել է օրեր առաջ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Հավայիի իշխանությունները դաշնային դատարան հայց են ներկայացրել մարտի 7-ին: Նրանք մտադիր են դատարանի միջոցով ժամանակավորապես կասեցնել միգրացիոն հրամանագրի իրագործումը:
Հավայիի իրավապաշտպանների խոսքերով՝ նոր հրամանագիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքները:
Աղբյուրը մանրամասնում է, որ մարտի 16-ից օրենքի ուժ ստացող փաստաթուղթը 90 օրով արգելում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Բացի այդ, հրամանագիրը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունման ծրագիրը: Սակայն նրանք, որոնք ԱՄՆ մեկնելու թույլտվություն են ստացել նախքան հրամանագրի ստորագրումը, կկարողանան անարգել Միացյալ Նահանգներ մեկնել:
Ի տարբերություն նախորդ հրամանագրի` այժմ երկրների «սև ցուցակում» բացակայում է Իրաքը:










