Համացանցում հայտնվել է Կիմ Չեն Ընի սպանված եղբոր ենթադրյալ որդու տեսաուղերձը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է իրեն ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանված եղբայր Կիմ Չեն Նամի որդի անվանող երիտասարդի տեսաուղերձը: Այդ մասին հայտնել է Channel NewsAsia-ն:
«Իմ անունը Կիմ Հան Սոլ է, ես Հյուսիսային Կորեայից եմ, Կիմի ընտանիքից: Հայրս սպանվել է մի քանի օր առաջ: Ես այժմ մորս և քրոջս հետ եմ»,- ասում է երիտասարդն անգլերենով: Իր ինքնությունը հաստատելու համար նա ցուցադրում է իր անձնագիրը, սակայն տվյալները փակված են սև շերտով:
Բացի այդ, 40 վայրկյան տևողությամբ տեսանյութի վերջում կորում է նրա ձայնը, իսկ երիտասարդի բերանը փակվում սև շերտով: Տղամարդն իր խոսքն ավարտում է հետևյալ խոսքերով. «Մենք հուսով ենք, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի»:
Վստահելի ապացույցներ, որ տեսանյութում իսկապես Կիմ Չեն Նամի որդին է, չկան: Սակայն Channel NewsAsia-ն հայտնում է, որ հարավկորեական հատուկ ծառայություններում նշել են, որ երիտասարդն իսկապես Կիմ Հան Սոլն է: Նրանք հրաժարվել են ավելի շատ մանրամասներ հաղորդել նրա մասին:
Տեսանյութն ուղեկցող տեքստում գրված է. «Հյուսիսային Կորեայի բնակիչների համար»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիմ Չեն Նամը սպանվել է Մալայզիայի օդանավակայանում՝ անհայտ կնոջ կողմից քիմիական նյութով թունավորվելու միջոցով: Հարավային Կորեան կոչ է արել Հս. Կորեային խոստովանել, որ իրենք են սպանել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբորը:
Իր հերթին՝ ԿԺԴՀ-ն մեղադրել է Սեուլին Փհենյանի դեմ դավադրություն կազմակերպելու համար:










