Մեքսիկան դատապարտել է ԱՄՆ անօրինական մուտք գործող մեքսիկացի մայրերին և երեխաներին բաժանելու գաղափարը
Մեքսիկան մտահոգված է ԱՄՆ սահմանն ապօրինի հատող ներգաղթյալ մայրերին և երեխաներին բաժանելու ԱՄՆ իշխանությունների հնարավոր մտադրությամբ: Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի արտգործնախարար Լուիս Վիդեգարայը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով ծրագրերին ծանոթ իր աղբյուրներին, հայտնել է Մեքսիկայից ամերիկյան տարածք անօրինական մուտք գործելու համար ձերբակալված մայրերին և երեխաներին առանձին հսկողության տակ պահելու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մտադրության մասին:
«Դեռ այդ մասին վերջնականապես չի հայտարարվել, այդ մասին հայտնի է դարձել որպես մի հնարավոր տարբերակ, բայց մենք անմիջապես Ներքին անվտանգության նախարարությանը հայտնել ենք մեր լուրջ մտահոգությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, դա անուղղելի վնաս կհասցնի բազմաթիվ մեքսիկացի ընտանիքներին»,- լրագրողներին հայտարարել է Վիդեգարայը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 6-ին նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 90 օրով դադարեցվում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող երկրների` Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Ի տարբերություն նախորդ հրամանագրի` այժմ երկրների «սև ցուցակում» բացակայում է Իրաքը: Բացի այդ, ԱՄՆ-ում փախստականների ընդունելության ծրագիրը կդադարեցվի 120 օրով: Արդեն տրամադրված վիզաները կամ ԱՄՆ-ում ժամանակավոր կացության թույլտվությունը չի չեղարկվի. դրանց տերերին թույլ կտրվի մուտք գործել ԱՄՆ կամ մնալ երկրում` այնտեղ գտնվելու դեպքում:
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ին:










