Սպասվում է իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք, նրանցից յուրաքանչյուրը ՀՀ-ում 700-800 դոլար կծախսի. առիթը Նովրուզն է
Առաջիկայում սպասվում է իրանից զբոսաշրջիկների մեծ հոսք. առիթը Նովրուզի տոնն է՝ իրանցիների ամանորը: Այն սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Երկու շաբաթում Հայաստանը միջինում ընդունում է շուրջ 20-25 հազար իրանցիների։
Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկներից յուրաքանչյուրն իր այցելության ընթացքում Հայաստանում մոտավորապես 700-800 դոլար է ծախսում հյուրանոցի, ծախսերի, սպասարկման, ռեստորանների համար, որոշ չափով նաև գնումներ են կատարում:
«Այս տեսակետից որոշ ակտիվություն տնտեսության մեջ թողնում են, որովհետև ամբողջը մնում է ՀՀ-ում, ինչն, իհարկե, դրական է, բայց դեռ շատ անելիքներ ունենք ընդհանուր զբոսաշրջության ոլորտում, որը մեծ առավելություն կարող է ստեղծել տնտեսության համար»,-ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ վերջին տարիներին, թեև հոսքը որոշ չափով նվազել է, բայց դա էլ իր պատճառն ունի: «Նվազել էր որոշ չափով, որովհետև նախկինում միայն Հայաստան էին այցելում՝ իրենց տոնը նշելու, հիմա նաև Վրաստան են այցելում, ինչը հիմնականում պայմանավորված է զբոսաշրջության որոշ խնդիրներով, բայց վերջին տարիներին նկատվում է, որ այդ բացը լրացնում են»,-ասաց նա:
Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հաշվի առնելով, որ Իրանից եկող զբոսաշրջիկները հիմնականում միջին և բարձր խավի են, ծախսերի տեսանկյունից միջին մակարդակի հյուրանոցներ են նախընտրում, և այդ մասով մի մասը գնում է Թբիլիսի: «Թբիլիսի համեմատ մենք որոշ առումով հետ են, որովհետև այնտեղ հիմնականում փոքր և էժան հյուրանոցներ են, մեզ մոտ հակառակը, իսկ իրանցիները նախընտրում են փոքր հոսթելներ, որոնց թիվը այստեղ քիչ է: Հիմա Երևանում էլ վերջին տարիներին ակտիվություն է նկատվում այս առումով և սպասվում է, որ դրական տենդենց կլինի»,-ասաց նա:
Ըստ տնտեսագետի՝ Իրանի քաղաքացիների հիմնական հոսքը Երևանն է, քանի որ զվարճանքի վայրերը կենտրոնացած են այստեղ: Ըստ նրա՝ գալիս են ՀՀ, քանի որ պատճառն այն է, որ Իրանում կրոնով պայմանավորված արգելքները շատ են, իսկ Հայաստանում նման արգելքներ չկան:










