Օբաման ցասման մեջ է ընկել գաղտնալսման վերաբերյալ Թրամփի մեղադրանքների պատճառով. The Wall Street Journal
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման ցասման մեջ է ընկել՝ տեղեկանալով, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփն իրեն մեղադրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հեռախոսազանգերը գաղտնալսելու համար: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը վիրավորական է համարել այս խոսքերը, սակայն չի պատրաստվում հրապարակավ պատասխանել Թրամփի՝ հեռախոսազրույցների գաղտնալսման մասին մեղադրանքներին:
Նշենք, որ մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ 2016թ. հոկտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում գաղտնի ծառայություններն Օբամայի կարգադրությամբ գաղտնալսել են Trump Tower-ում ունեցած հեռախոսազրույցները: Այնուհանդերձ՝ Թրամփն իր մեղադրանքներն ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել:
Դրանից հետո Օբամայի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նախկին նախագահն ու նրա վարչակազմը երբևէ նման բան չեն արել:










