Պարզվել է Հալաբյան փողոցում «06»-ի մեջ հայտնաբերված 30-ամյա երիտասարդի մահվան պատճառը. նա հոսանքահարվել է գողություն կատարելիս. Shamshyan.com

13:33 • 08.03.17

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Հալաբյան փողոցի վերջնամասում ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները. տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը հանդիսանում էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Օմար Ամարյանը։ 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացած Օ. Ամարյանը մարտի 5-ին իր հորեղբոր թոռան՝ համագյուղացի, 30-ամյա Քյարամ Հաջոյանի հետ այցելել է Կոտայքի մարզ Արզնի գյուղ, որտեղ 2-րդ թաղամասում գտնվող կիսաքանդ շինությունից էլեկտրական մալուխներ գողանալու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է։

Նրան այնտեղից Ք. Հաջոյանը նշված ավտոմեքենայով տեղափոխել է Երևան և թողել Հալաբյան փողոցի վերջնամասում գտնվող կանգառի մոտ, իսկ հետո հեռացել նշված վայրից։