Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, հանդիպում ունեցել է ՌԴ դեսպանի հետ նախընտրական արշավի ընթացքում. Huffington Post

11:13 • 08.03.17

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները տարբեր առիթների ժամանակ հերքել են Թրամփի նախընտրական արշավի մասնակիցների շփումները ռուս պաշտոնյաների հետ, այդ հերքումները ճիշտ չեն եղել: Նրա թիմի առնվազն հինգ անդամ հանդիպել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ՝ մինչ Թրամփի պաշտոնապես նախագահի պաշտոնին անցնելը, գրում է The Huffington Post-ը:


Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սառա Սանդերսն անցած շաբաթ փորձել է մեղմել իրավիճակը՝ մարտի 3-ին լրագրողներին հայտնելով, որ հիմնական հարցն այն է, որ Թրամփը նախընտրական արշավի ընթացքում որևէ հանդիպում չի ունեցել ռուս պաշտոնյաների հետ:


Բայց, ինչպես նկատել է americablog.com կայքը, The Wall Street Journal-ը 2016 թվականի մայիսի 13-ի իր հրապարակման մեջ նշել էր, որ Թրամփն առնվազն որոշակի շփում է ունեցել Կիսլյակի հետ ապրիլին 27-ին՝ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում:


The Wall Street Journal-ը գրել էր, որ 2016 թվականի ապրիլին Mayflower հյուրանոցում իր ելույթից առաջ «Թրամփը հանդիպել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ VIP ընդունելության ժամանակ»: Թրամփը ջերմորեն ողջունել է Կիսլյակին և ընդունելությանը ժամանած երեք այլ օտարերկրյա դեսպանների:


ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ 2016 թվականի ապրիլին, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Սանդերսը The Huffington Post-ին:


Խոսքը Վաշինգտոնում Mayflower հյուրանոցում Ազգային շահի հարցերով հետազոտական կենտրոնի կազմակերպած ընդունելության մասին է: Դրան ներկա է եղել չորս դեսպան՝ մի քանի երկրներից, նրանցից մեկը եղել է Կիսլյակը: Սանդերսի խոսքով՝ Թրամփն ընդունելությանը եղել է մոտ հինգ րոպե, իսկ այնուհետև բարձրացել է ամբիոն՝ ելույթի համար:


«Մենք արդեն բոլորովին չենք հիշում, թե ում ձեռքն է նա սեղմել ընդունելության ժամանակ, և մենք պատասխանատվություն չենք կրում այն բանի համար, թե ում են այնտեղ հրավիրել։ Նրանք, ովքեր պնդում են, թե հանդիպումը տեղի է ունեցել, ապակողմնորոշում են»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:


Սանդերսի խոսքով՝ Թրամփը ռուս դեսպանի հետ հաղորդակցվելու հնարավորություն չի ունեցել: «Ելույթ ունենալուց հետո, Թրամփը վերադարձել է սպասման սրահ, իսկ այնուհետև հեռացել է հյուրանոցից, նա բոլորովին ժամանակ և հնարավորություն չի ունեցել ինչ որ մեկի հետ անձնական շփման համար: Բացի այդ, նրա տեղաշարժը ղեկավարել է Գաղտնի ծառայությունը»,- հայտարարել է նա:


2017 թվականի մարտին CNN-ը և The Washington Post թերթը հայտնել են, որ մինչ Ջեֆ Սեշնսի՝ երկրի գլխավոր դատախազի և արդարադատության նախարարարի պաշտոններում հաստատվելը՝ նա շփումներ է ունեցել Կիսլյակի հետ: Իսկ փետրվարի սկզբին հայտնի է դարձել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինի և ռուս դիվանագետի հեռախոսազրույցների մասին: Ֆլինն արդյունքում ստիպված է եղել հրաժարական տալ: