Բավակա՛ն է մեզ մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ դասախոսություններ կարդաք. Չավուշօղլուն՝ Գերմանիային

10:26 • 08.03.17

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Համբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքում, որի ժամանակ պահանջել է Գերմանիայի ներկայացուցիչներից դադարել Անկարային դասախոսություններ կարդալ, գրում է «Միլլիյեթ»-ը:


«Բավակա՛ն է մեզ մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ դասախոսություններ կարդաք»,- ասել է նախարարը:


Նա նաև հայտարարել է Թուրքիայի հետ Գերմանիայի «պարբերական դիմակայության» մասին:


Ինչպես սպասվում է՝ Չավուշօղլուն չորեքշաբթի կժամանի Բեռլին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ բանակցությունների համար:


Չավուշօղլուն ստիպված է եղել ելույթ ունենալ հյուպատոսությունում, քանի որ Համբուրգի իշխանությունները չեղյալ են հայտարարել նրա ելույթը թուրքական համայնքի առաջ:


Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։


Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթն ու հանդիպումը թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:


Էրդողանը քննադատել էր Գերմանիայում Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի մասնակցությամբ ելույթների չեղարկումը տեղի իշխանությունների կողմից և հայտարարել, որ նրանց գործողությունները հակասում են ժողովրդավարական նորմերին:

«Ես կարծում էի, թե նացիզմն ավարտվել է Գերմանիայում, պարզվում է` այն շարունակվում է: Հիմա նմանատիպ մի որոշում էլ Նիդեռլանդներից եկավ: Ախ, խեղճեր, ախ: Սրանք իրենց իսկ կամքով չեն կատարում բոլոր այս գործողությունները», - ասել էր Էրդողանը: