«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի անդամները կայցելեն կուսակցությունների գրասենյակներ
Մարտի 10-ին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և գործադիր տնօրենը նախատեսում են այցելություններ կատարել ՀՀ ԱԺ 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում գրանցված բոլոր կուսակցությունների գրասենյակներ և հանդիպել կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ։
Tert.am-ը հիմնադրամից տեղեկացավ, որ նախապես ծրագրավորված այցելությունների նպատակն է կուսակցություններին ներկայացնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև առաջարկել Գյումրիում անօթևանների և տնակներում բնակվող ընտանիքների հիմնախնդիրը առաջնահերթության կարգով ներառել կուսակցության ծրագրերում՝ քարոզարշավի ընթացքում անդրադառնալով դրանց լուծման հնարավոր օրենսդրական և այլ ուղիներին։
Հիմնադրամի պատվիրակությունը նախատեսում է առաջարկել յուրաքանչյուր կուսակցությանը՝ անդամների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին լուծել տնակում բնակվող մեկ ընտանիքի բնակարանի խնդիր։ Այցերի շրջանակներում բոլոր կուսակցությունների գրասենյակներին կհանձնվեն տնակի պատմությունները և լուսանկարները, ինչպես նաև խորհրդանշական տնակ-խնայատուփեր։










