Իրաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 մարդ է մահացել
Իրաքում հարսանյաց արարողության ժամանակ երկու մահապարտ ահաբեկչի գործի դրած պայթուցիկները 30 մարդու կյանք են խլել, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել է 22 զոհի մասին:
Պայթյունը տեղի է ունեցել իրաքյան Տիկրիտ քաղաքից 20 կմ հյուսիս գտնվող Հաջադ գյուղում: Դեպքի վայրը շրջապատվել է անվտանգության ծառայությունների կողմից:
Առայժմ տարածքում գործող որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Նշենք, որ Իրաքում շարունակվում է լարված իրավիճակ տիրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության հետ կապված: 2014-2015թ.-ին իսլամիստ ահաբեկիչները գրավել են Անբար նահանգի զգալի մասը, մինչդեռ վերջին շրջանում իրաքյան բանակին հաջողվել է հետ բերել մի շարք շրջաններ, այդ թվում` Ռամադի և Ֆալլուջա քաղաքները:










