Քաբուլում ԻՊ-ի ահաբեկիչների կողմից հոսպիտալի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 49-ի
Աֆղանստանի մայրաքաղաքում երեկ զինվորական հոսպիտալի վրա իրականացված հարձակման զոհերի թիվը հասել է 49-ի: 76 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բժշկական համազգեստով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները չորեքշաբթի առավոտյան հարձակվել են Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող զինվորական հոսպիտալի վրա:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ հարձակվողները չորսն են եղել: Մեկն իրեն պայթեցրել է հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ, մնացածը մուտք են գործել շենք: Աֆղանստանի անվտանգության ուժերը մի քանի ժամ զինված դիմադրությունից հետո ոչնչացրել են բոլոր գրոհայիններին:










