ԱՄՆ-ում ինքնաթիռն ընդհատել է թռիչքը՝ ծածկոցի համար չվճարող ուղևորի պատճառով
Hawaiian Airlines ավիաընկերության օդանավերից մեկը Լաս Վեգաս-Հոնոլուլու չվերթի իրականացման ժամանակ ստիպված է եղել ընդհատել թռիչքը, քանի որ ուղևորներից մեկը հրաժարվել է ծածկոցի օգտագործման համար վճարել սահմանված գումարը (12 դոլար):
Ինչպես հայտնում է hawaiinewsnow.com-ը, միջադեպը տեղի է ունեցել անմիջապես վերելքից հետո: Վաթսունվեցամյա ուղևորը բորտուղեկցորդուհուց ծածկոց է խնդրել, քանի որ ինքնաթիռում բավական ցուրտ է եղել: Երբ տղամարդն իմացել է ծածկոցի օգտագործման համար սահմանված գինը, բարկացել է ու պահանջել, որ իրեն կապեն ավիաընկերության ներկայացուցչի հետ՝ սպառնալով «մի լավ դաս տալ» նրան:
Օդաչուն, ուղևորի վարքն անընդունելի համարելով, որոշել է կրկին վերադառնալ օդանավակայան, որտեղ ուղևորին դիմավորել են իրավապահներն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները: Հայտնի է, որ տղամարդուն հարցաքննելուց հետո ազատ են արձակել ու առաջարկել թռչել մեկ այլ չվերթով:










