Հաջորդ խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ-ը, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն. հարցում

14:54 • 09.03.17

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովն ամենայն հավանականությամբ կկազմվի 5 կուսակցությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը: 

Ֆյոդորովի խոսքով, հարցման արդյունքում ընտրական անցումային շեմը կհաղթահարի «Ծառուկյան» դաշինքը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «ԵԼՔ»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, որոնցից առաջատարները կրկին ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքն են:

Իսկ մնացած ուժերը, ըստ սոցիոլոգի՝ «Ազատ Դեմոկրատներ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», ՀԱԿ-ՀԺԿ,  Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, չեն հաղթահարի 5 կամ դաշինքների համար 7 տոկոսանոց շեմը:

Վ. Ֆյոդորովը նշեց, որ հարցման արդյունքներով 98 տոկոսը գիտի, որ Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որոնցից 79-ը հայտարարել են, որ հաստատապես մասնակցելու են ընտրություններին և վստահ են իրենց ընտրության մեջ, չեն մտափոխվելու, գիտեն, թե ում են տալու իրենց քվեն:

Միաժամանակ, սոցիոլոգն ասաց, որ իր կարծիքով ընտրություններին կմասնակցի բնակչության 62 տոկոսը, որովհետև հարցումներին մասնակիցները հայտարարում են մասնակցության մասին, բայց նրանցից շատերը չեն մասնակցում:

Նա նաև ասաց, որ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է մարզերում, քան Երևանում:

Հարցին՝ ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, հարցվողների մեծամասնությունը պատասխանել է, որ դա իրենց քաղաքացիական պարտքն է (33 տոկոս), ուզում են օգնել այն կուսակցությանը, որին համակրում են (19 տոկոս), փոփոխության ակնկալիք ունեն (17 տոկոս), որպեսզի իմ փոխարեն չքվեարկեն (10 տոկոս):

Իսկ մարդիկ, ովքեր ասել են, որ մտադիր չեն մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իրենց որոշումը պատճառաբանել են նրանց, որ հիասթափվել են, չեն հավատում, որ փոփոխություններ կլինեն:

Նշենք, որ հարցումն անցկացվել է փետրվարի 22-26-ը Երևանում և մարզերում 1600 քաղաքացիների շրջանում, «Շանթ» հեռուստաընկերության պատվերով: