Չինացին համացանցի օգտատերերի հետ շփվել է միաժամանակ 244 մարդու անունից
Չինաստանի քաղաքացին 244 մարդու անունից շփվել է մարդկանց հետ չինական սիրված կայքերից մեկում: Այդ կայքի այցելուները կարող են պատասխանել հարցերին կամ հարցեր տալ մյուս օգտատերերին: Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը:
Նշվում է, որ վերջերս կայքի ղեկավարությունն արգելափակել է տղամարդու հաշիվն այն պատճառով, որ նա շփոթմունքի մեջ է գցել մյուս օգտատերերին: Թերթը չի պարզաբանում` արդյոք չինացին մի քանի էջ է ստեղծել, թե իր բոլոր պատասխանները գրել է մեկ էջից:
Օգտատերը, մասնավորապես, ներկայացել է որպես թմրամոլ, որը 8 տարի առաջ հրաժարվել է արգելված նյութերից: Այլ քննարկումներում նա գործարար, ոստիկան և ձկնորս է ձևացել, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ձևացել լոտոսներ աճեցնող ֆերմեր, գյուղական համայնքի ղեկավար և պրոֆեսիոնալ լեռնադահուկորդ:
Աղբյուրի հաղորդմամբ` շատ չինացիներ այս օգտատիրոջն անվանում են երկրի «ամենահետաքրքիր մարդը» և հատուկ հետևում համացանցում նրա բոլոր տեղաշարժերին:










