Հաշվառման վերաբերյալ ոստիկանության ստացած 58 ահազանգերը կապված չեն ընտրական գործընթացի հետ. Մնացական Բիչախչյան
Ոստիկանությունն ուսումնասիրել է քաղաքագետ Արա Պապյանի ահազանգն այն մասին, թե բացի իրենից ընտրացուցակներում իր հասցեով ևս 3 հոգի կա գրանցված: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Արա Պապյանը մասնավորապես գրել էր. «Պարզվեց, որ իմ հասցեով, բացի ինձնից, ևս երեք հոգի կան ընտրացուցակում, որոնք բնականաբար չեն ապրում իմ տանը»:
Բիչախչյանն ասաց, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 16/1, բն 4 հասցեում բացի Արա Պապյանից հաշվառված մյուս երեք անձինք տվյալ հասցեի բնակելի տարածության նախկին սեփականատերերն են (ամենահին հաշվառումը 1969թ.-ից), ովքեր այլ բնակության վայր տեղափոխվելուց հետո չեն դիմել և հաշվառվել ըստ բնակության վայրի հասցեի: Եթե անձը չի հաշվառվել նոր բնակության վայրի հասցեով, ոստիկանությունն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ անձին հանելու հաշվառումից, քանի դեռ սեփականատերը համապատասխան դիմում չի ներկայացրել անձնագրային ծառայություն:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի խոսքով՝ այն պնդումը, որ նշված անձինք ուրիշ տեղ էլ են հաշվառված՝ միաժամանակ մնալով նախկին հաշվառման հասցեում, անհիմն է:
«Նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում գործընթացն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով՝ անձին հանելով նախկին բնակության վայրի հաշվառումից, միաժամանակ հաշվառելով նոր հասցեով: Նույնիսկ ծրագրային եղանակով այլ կերպ վարվել հնարավոր չէ: Նշված գործընթացը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջից, համաձայն որի՝ ռեգիստրի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներից է մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառումը: Նշված սկզբունքով էլ պայմանավորված՝ ապահովվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: Վերը նշված փաստարկների ճշգրտությունը ստուգելու համար ցանկացած անձ կարող է այցելել www.police.am կայք և ներբեռնել բոլոր տեղամասերի ցուցակները: Տեղեկացնեմ նաև, որ պարոն Պապյանը 10.03.2017թ. ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի անձնագրային ծառայություն և գրավոր դիմում ներկայացնել նախկին բնակիչներին հաշվառումից հանելու համար: Թեև իր հետ չի ունեցել սեփականության վկայականը, դիմումն ընդունվել է և սահմանված կարգով հարցում կատարվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց ցանկը պարզելու համար (անկախ նրանից՝ վկայական ներկայացվում է, թե ոչ, ՀՀ օրենսդրությունը պահանջում է բոլոր դեպքերում, հաշվառումից հանելու դիմում ներկայացնելիս կատարել հարցում)»,- մանրամասնեց նա:
Մնացական Բիչախչյանը նշեց, որ հորդորում է գեթ մեկ օրինակ ներկայացնել, որ անձը և՛ հին հասցում է հաշվառված, և՛ նոր:
Մնացական Բիչախչյանն ասաց, որ ոստիկանության թեժ գծով փետրվարի 21-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր առմամբ 58 հեռախոսազանգ, որից 41-ը եղել է տեղեկատվական բնույթի (ընտրության կարգ, տեղամասի գտնվելու վայր և այլն), 10-ը՝ բնակարանի նոր սեփականատերերի կողմից, ովքեր կասկածել են, թե նախկին բնակիչները հնարավոր է՝ դեռ հաշվառված լինեն, որոնց տեղեկացվել է, որ սեփականատերը իրավասու է դիմել նախկին սեփականատերերին հաշվառումից հանելու պահանջով, եթե վերջինս վերահաշվառում չի կատարել:
4 զանգով էլ, Բիչախչյանի փոխանցմամբ, ստուգվել է տեղեկատվությունը, թե որտեղ պետք է հաշվառված լինի անձը։ Պարզվել է, որ անձնագրային ծառայության աշխատակիցը տեխնիկական վրիպակ է թույլ տվել, այլ հասցեով է գրանցել, օրինակ՝ բնակարան 19-ի փոխարեն 18 է գրել:
Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստացել են նաև ահազանգ ֆեյսբուքյան նամակի միջոցով այն մասին, որ բնակարանում կա հաշվառված այլ անձ։ Պարզվել է, որ բնակարանը ժամանակին վարձակալության է տրվել, վարձակալողը սահմանված կարգով դիմել է, հաշվառվել և վարձակալությունից հետո չի դիմել վերահաշվառման:
«Անձը բնակարանը հանձնում է վարձակալության, իր բնակարանում մարդ է գրանցվում, հնարավոր է, որ նա չիմանա այդ մասին: Կա հաշվառման մի քանի տարբերակ՝ սեփականության վկայականով, սեփականատերերի իմացությամբ և չիմացությամբ, երբ դիմում են բնակության հաշվառման: Ակնհայտ է, որ այս գործընթացը պայմանավորված չէ ընտրական գործընթացով: Չի եղել դեպք, երբ ստուգենք և պարզվի, որ անօրինական է կատարվել հաշվառումը: Եթե բնակարանը նախկինում վարձակալած քաղաքացին բնակության վայրը փոխելուց հետո չի դիմել վերահաշվառման, սեփականատիրոջը տեղեկացրել ենք, որ կարող է նրան հաշվառումից հանել»,- շեշտեց Մնացական Բիչախչյանը:










