Վրաստանի ԿԸՀ-ն մերժել է մարիխուանայի օրինականացման հարցով հանրաքվե անցկացնելու դիմումը

12:09 • 10.03.17

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել փետրվարի 8-ին նախաձեռնող խմբի կողմից ներկայացված մարիխուանայի օրինականացման հարցով հանրաքվեի անցկացման հարցը, հայտնում է apsny.ge-ն:


Ինչպես հաղորդվում է ԿԸՀ-ում, հարցը ձևակերպված է եղել հետևյալ կերպ. «Համաձա՞յն եք, թե՞ ոչ, որ իրականացվի կանեփի և կանեփի արտադրանքների օրինականացում, այսինքն՝ որպեսզի դրանք կարգավորվեն նույնկերպ, ինչպես ոգելից խմիչքները»:


Հանձնաժողովը փաստարկել է որոշումը՝ նշելով, որ հարցի ձևակերպումը թույլ չի տա հանրաքվեի մասնակիցներին միանշանակ և կոնկրետ պատասխանել հարցին, ինչպես նաև հասկանալի չէ, թե ինչ է նկատի առնվում «կանեփ և կանեփի արտադրանք» արտահայտությամբ:


Նախաձեռնող խմբի ղեկավար, վրացական ընդդիմադիր «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն ԿԸՀ-ի փաստարկները «հիմար» է անվանել, իսկ մեկ այլ անդամ հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը դատարանում:


Կուսակցությունը ստեղծվել է 2015 թվականին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից դուրս եկած մի շարք պատգամավորների կողմից: Կուսակցությունը հանդես է գալիս մարիխուանայի լիարժեք արտադրության և օգտագործման օգտին: