Իմ վստահորդն ընկել էր որոգայթը, նա գիշեր-ցերեկ հերթապահում էր Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու բակում. մահացած հայտնաբերված 41-ամյա կնոջ փաստաբան

13:50 • 10.03.17

Վարդուհի Սարոյանը բարձր ինտելեկտով կին էր, հողը նրա ոտքի տակից չէր փախչում, պարզապես ընկել էլ ոմանց որոգայթը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 7-ին Հրաչյա Քոչարի փողոցում մահացած հայտնաբերված 41 ամյա Վարդուհի Սարոյանի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը՝ խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե կինը 4-րդ հարկից ցած  նետվելով ինքնասպանություն է գործել։

Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդըը ցավ է ապրել և դիմել է այդ  քայլին՝ բացահայտելով, որ հարազատ մարդիկ իրեն խաբել են, փորձել են խաղալ նաև իր անվան հետ։

«Նրան չէր հուզում այն, որ կորցրել է բնակարանը, առանձնատունը, խանութը, այլ այն, որ մարդիկ, որոնց ինքը վստահել է, ներքաշել են իրեն ճահճի մեջ»,-ասաց  փաստաբանը։

Հասմիկ Մարտիրոսյանն ասաց, որ անուններ չի ուզում շոշափել՝ անմեղության կանխավարկածը չխախտելու համար, բայց բացի ինքնասպանություն հասցնելու գործից, մեկ այլ գործ ևս կա հարուցված։ Մասնավորապես, իր վստահորդը մինչև ողբերգական դեպքը դիմել էր դատարան և գործի շրջանակում իրեն ունեզրկելու մեջ մեղադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդուն՝ Տիգրան Տեր-Պետրոսյանին, ով հիմա հետախուզման մեջ է, և իր քրոջ ամուսնուն՝ Տիգրան Տեր-Մարգարյանին, ով «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ տասնյակում է, վերջինս նաև Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու ընկերն է։

«Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց իմ վստահորդը տվել է նրանց անունները, վերջին մեկ ամսվա ընթացքում նա ամեն օր՝ առավոտից երեկո Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանենց բակում էր հերթապահում, վերջինիս կինը և մայրը համոզում էին իմ վստահորդին, խոստանում, որ կզանգեն, կապ կհաստատեն, բայց ոչ մի  բան, իմ վստահորդը չէր հանձնվում անընդհատ պայքարում է, նախագահին էլ նամակ գրել, դատախազին, սկզբում հրաժարվում էին քրեական գործ հարուցել, հետո հարուցվեց, հանցանքի մասին փաստեր էին ներկայացվում»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ իր վստահորդի ինքնուրույն գործողությունները  պարբերաբար փորձել են սահմանափակել, նա չէր կարողանում դիմել առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանին։

Թե ում կողմից են սահմանափակվել  մահացած հայտնաբերված կնոջ գործողությունները, փաստաբանը  չմանրամասնեց՝ նշելով, որ դա գործի շրջանակում հետագայում կպարզվի։

Փաստաբանի փոխանցմամբ՝ իր վստահորդին քույրը և ամուսինը համոզել են, որպեսզի նա Բաղրամյանում իրեն պատկանող գույքը գրավադրի իրենց ծանոթներից մեկին օգնելու համար, որը ցանկացել է «բիզնես դնել»։ Ավելի ուշ Վարդուհի Սարոյանը ասել է, որ այդ ծանոթը Լևոն  Տեր-Պետրոսյանի եղբորորդին է։

«Վարդուհուն  ասում են, որ գործարքը բանկում չի կայացել, այնինչ գործարքը կայացած  է եղել։ Վարդուհին լուծարել է իր կողմից տրված լիազորագիրը, հետո տեղեկացել է, որ  կորցնում է  տարածքը։ Այն չկորցնելու համար գրավադրել է Քոչարի տունը, հետագայում էլ դա  չկորցնելու համար՝ Պտղնի գյուղում գտնվող առանձնատունը...»,- մանրամասնեց փաստաբանը։

Հասմիկ Մարտիրոսյանը նաև նշեց, որ իր վստահորդն ամուսնացած է եղել, որոշ ժամանակ ապրել է ՌԴ-ում, ամուսնալուծվելուց հետո վերադարձել է։ Նա ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դուստրն է։

«Իմ վստահորդին հասցրել են ինքնասպանության, նա երբեք այդպիսի բան չէր անի։ Զգալով, որ իր ուժերը չեն բավականացնի մինչև վերջ պայքարելու համար, այն էլ հարազատ մարդկանց դեմ, ասաց՝ ցտեսություն։ Ամբողջ ձմռան ընթացքում նա քնել է չջեռուցվող, առանց կոմունիկացիաների խանութի  տարածքում»,- եզրափակեց նա։

Tert.am-ը փորձեց կապ հաստատել նաև պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի է։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամներից Արամ Մանուկյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ այս գործին մասնակցության վերաբերյալ մեկնաբանություն չտվեց։

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ տեղեկացված չէ, քարոզարշավ են իրականացնում, գյուղերում են։

Հիշեցնենք, որ, ըստ shamshyan.com-ի, Վարդուհի Սարոյանը ինքնասպանություն է գործել, որից առաջ թողել է երկտող, որում խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել, ինքը սիրում է քրոջը, նրա երեխաներին, բոլորին։

Հիշեցնենք, որ ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՔԿ-ն հարուցել է քրեական գործ Քր.օր 110 հոդվածի 1-ին մասով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: