Սեուլում նախագահի պաշտոնանկության դեմ ցույցերի ընթացքում երկու մարդ է մահացել

11:30 • 10.03.17

Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտնել է նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնանկության մասին դատարանի որոշման դեմ բողոքի ցույցերի ընթացքում գրանցված երկու զոհի մասին: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Լրատվական գործակալությունների հաղորդմամբ՝ զոհերից մեկը 72-ամյա տղամարդ է, որը ստացել է գլխի բազմաթիվ վնասվածքներ՝ դուրս ընկնելով ոստիկանական ավտոբուսից:


Երկրորդ զոհի ինքնության մասին տեղեկություններ չկան:


Հաղորդվում է նաև, որի բողոքի ցույցերի ընթացքում մի քանի լրագրող է վիրավորվել: Մասնավորապես՝ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել ճապոնական «Կիոդո» գործակալության օպերատորը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կըն Հեին պաշտոնանկ անելու գործընթացը՝ խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով նրան հեռացնելով ղեկավարի պաշտոնից: Այդ որոշումը նշանակում է, որ Պակ Կըն Հեն անմիջապես կհեռացվի իշխանությունից և կարող է ենթարկվել քրեական հետապնդման՝ կոռուպցիայի մեղադրանքներով:


Դրանից հետո նախագահի հազարավոր աջակիցներ դուրս են եկել փողոց: Նրանցից մի քանիսն իրենց ագրեսիվ են պահել, բախման մեջ են մտել ոստիկանների հետ և բարձրացել ոստիկանական մեքենաների վրա, որոնք կանգնեցվել էին դատարանը շրջափակելու համար:


Երկրի սահմանադրության համաձայն՝ նոր նախագահական ընտրությունները կայանալու են 60 օրից:


Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ էր քվեարկել նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելուն, ինչի հետևանքով երկրում ներքաղաքական ճգնաժամ էր սկսվել:


65-ամյա Պակ Կըն Հեն իր մտերիմ ընկերուհու հետ ստիպել է խոշոր ընկերություններին՝ այդ թվում նաև Samsung-ին, մեծ գումարներ փոխանցել իրենց հիմնած հիմնադրամներին: Բացի այդ, նախագահը մեղադրվում է Samsung Group-ի ղեկավարից կաշառք վերցնելու ու դրա դիմաց ընկերությանը լայն արտոնություններ տրամադրելու համար: