ԵԽ Լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով հարթակը ահազանգում է Լապշինի գործի վերաբերյալ

18:51 • 10.03.17

Եվրոպայի խորհրդի Լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ինտերնետային հարթակում հրապարակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանում կալանավորման վերաբերյալ ահազանգը՝ «Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատվելու է Ադրբեջանում» վերտառությամբ (Israeli-Russian Blogger Aleksandr Lapshin to Be Tried in Azerbaijan):

1-ին աստիճանի լրջության ահազանգը ներկայացվել է հարթակի գործընկեր ՀԿ-ներ`  Association of European Journalists- AEJ,  Committee to Protect Journalists- CPJ և Index-ի կողմից: Ըստ հարթակում առկա տեղեկատվության՝ հրապարակման համար հիմք են հանդիսացել մասնավորապես Mapping Media Freedom platform, Committee to Protect Journalists- CPJ ՀԿ-ների կայքերում Լապշինի վերաբերյալ հոդվածները:

Ահազանգում մասնավորապես հիշատակվում է, որ Լապշինի հանդեպ կարող է մինչև 8 տարվա ազատազրկման վճիռ կայացվել` 2011թ. ապրիլին, 2012թ. hոկտեմբերին և 2016թ. հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելիս «Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով խախտելու», Ադրբեջանին քննադատելու և հակաադրբեջանական կոչեր հնչեցնելու մեղադրանքներով: Նշվում է նաև, որ Լապշինը ներկայումս կալանավորված է Բաքվի նախաքննական կենտրոնում:

Ահազանգում որպես լրագրողին սպառնացող վտանգի աղբյուր նշվում է Ադրբեջանի պետությունը:

Նշենք, որ Լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ԵԽ ինտերնետային հարթակը ստեղծվել է 2014թ. դեկտեմբերին Եվրոպայի խորհրդի և մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ու համագործակցությամբ։ Հարթակի նպատակն է մեկ ընդհանուր դաշտ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել և տարածել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մամուլի ազատության և լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը 2011-ին և 2012-ին Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։ Լապշինն իր բլոգում հրապարակումներ էր կատարել նաև Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր Բաքու այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:

Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:

Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին արտահանձնել Ադրբեջանին՝ քրեական հետապնդման համար: Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ էր թողել Լապշինի արտահանձնման մասին դատախազության որոշումը: Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել այդ որոշումը վերջին ատյանում՝ Բելառուսի գերագույն դատարանում:

Բելառուսի գերագույն դատարանն ուժի մեջ էր թողել Ադրբեջանին Լապշինի արտահանձնման մասին երկրի գլխավոր դատախազության որոշումը:

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող Ալեքսանդր Լապշինը փետրվարի 7-ին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել էր Բաքու: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։