Լուկաշենկոն կարգադրել է պաշտոնյաներին աշխատանքի տեղավորել բոլոր բարեկամներին ու սիրուհիներին

10:17 • 10.03.17

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է պաշտոնյաներին աշխատանքի տեղավորել բոլոր բարեկամներին: Մինսկում, այսպես կոչված, «ձրիակերների մասին հրամանագրի» վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաների բարեկամները չեն կարող վճարել «ձրիակերների հարկը» և չաշխատել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Եթե կինը կամ սիրուհին հիվանդ է՝ կբուժենք: Եթե նրանք կարող են աշխատել՝ նրանց տեղավորեք աշխատանքի»,- հայտարարել է նախագահը՝ հավելելով, որ դեռ չի ցանկանում կոնկրետ անուններ նշել:


Լուկաշենկոն հրահանգել է ապրիլի 1-ից հետո իրեն հաշվետվություն ներկայացնել այդ օրենքի կատարման վերաբերյալ:


Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահը ստորագրել է, այսպես կոչված, «ձրիակերների մասին» օրենքը, որի համաձայն ավելի քան կես տարի երկրի չաշխատող և հարկեր չմուծող աշխատունակ բնակիչները պետք է ամեն տարի վճարեն մոտ 200 դոլարի չափով տուգանք՝ այսպես կոչված՝ «գործազրկության հարկ»:


Փետրվարի 21-ի տվյալներով՝ երկրի հարկային մարմինները քաղաքացիներին ուղարկել են մոտ 470 հազար ծանուցում վճարումների համար, այն վճարել է ավելի քան 54 հազար մարդ:


Վերջին երեք շաբաթների ընթացքում Մինսկում և այլ խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում օրենքի դեմ: Որոշումից դժգոհ մարդիկ բացատրել են, որ փողոց նրանց ստիպում է դուրս գալ իշխանությունների պահանջի անհեթեթությունը՝ հարկ վճարել աշխատանքի բացակայության համար: 


Լուկաշենկոն հայտարարել է, որ հրամանագիրը չի չեղարկվի։