Հրվ. Կորեայի սահմանադրական դատարանը կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնանկ է արել երկրի նախագահին

09:18 • 10.03.17

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կըն Հեին պաշտոնանկ անելու գործընթացը՝ խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով նրան հեռացնելով ղեկավարի պաշտոնից:


Ինչպես հաղորդում է Reuters-ը, երկրի սահմանադրության համաձայն՝ նոր նախագահական ընտրությունները կայանալու են 60 օրից:


«Մենք Պակ Կըն Հեին հեռացնում ենք պաշտոնից, քանի որ նրա գործողությունները դավաճանել են ժողովրդի վստահությունը: Դրանք օրենքի կոպիտ խախտումներ են, որոնք չի կարելի հանդուրժել»,-հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահը:


Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ էր քվեարկել նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելուն, ինչի հետևանքով երկրում ներքաղաքական ճգնաժամ էր սկսվել:


Reuters-ը մանրամասնում է, որ 65-ամյա Պակ Կըն Հեն իր մտերիմ ընկերուհու հետ ստիպել է խոշոր ընկերություններին՝ այդ թվում նաև Samsung-ին, մեծ գումարներ փոխանցել իրենց հիմնած հիմնադրամներին:


Բացի այդ, նախագահը մեղադրվում է Samsung Group-ի ղեկավարից կաշառք վերցնելու ու դրա դիմաց ընկերությանը լայն արտոնություններ տրամադրելու համար:


Հավելենք, որ Պակը, որը հերքում է բոլոր մեղադրանքները, կկանգնի դատարանի առաջ: