Վարսափաթաթուկները գլխին աշխատանքի ներկայացած կին դատավորը դարձել է Հրվ. Կորեայի աշխատասիրության խորհրդանիշը
Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Մին դարձել է իր երկրի աշխատասեր կնոջ խորհրդանիշն այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի է եկել` մոռանալով մազերից հանել վարդագույն վարսափաթաթուկները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:
Աղբյուրի հաղորդմամբ` 54-ամյա Լին աշխատանքի շտապելու ընթացքում մոռացել է, որ մազերին է թողել երկու վարդագույն վարսափաթաթուկ: Նա պետք է հայտարարեր Սահմանադրական դատարանի վճիռը, որը, ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հաստատել է նախագահ Պակ Կըն Հեին պաշտոնանկ անելու գործընթացի մասին խորհրդարանի կայացրած որոշումը։ Նախագահին որոշել են պաշտոնանկ անել խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով:
Նշվում է, որ երկրի բնակիչներից շատերը մոռացված վարսափաթաթուկների մեջ տեսել են ոչ թե անփութություն, այլ նվիրվածություն աշխատանքին, չնայած այն բանին, որ Հարավային Կորեայի մշակույթում առկա է կանանց անթերի արտաքինի պաշտամունքը:










