Սիրիական բանակին հաջողվել է չորս տարվա մեջ առաջին անգամ դուրս գալ Եփրատի ափ

17:26 • 10.03.17

Սիրիական կառավարական զորքերը չորս տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել են դուրս գալ Եփրատ գետի ափ՝  Հաֆսա քաղաքից արևելք: Նրանց հսկողության տակ է գտնվում ափի 15 կիլոմետրը: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ կառավարական զորքերին հաջողվել է դուրս գալ Հաֆսա քաղաքից արևելք Եփրատ գետի ափ: Վերականգնվել է ջրի մաքրման և ջրհան կայանների նկատմամբ վերահսկողությունը: Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո Հալեպը և նրա արվարձաններն ամբողջությամբ կապահովվեն խմելու ջրով: Այժմ կառավարական զորքերը շարունակում են գրոհն ահաբեկիչների ուղղությամբ Եփրատ գետի արևմտյան ափի երկայնքով»,- ասել է նա ուրբաթ կայացած ճեպազրույցին:


Սիրիական բանակին ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ գրոհի ժամանակ աջակցություն են ցուցաբերել ՌԴ օդուժը:


Խոսելով Հալեպում իրավիճակի կայունացման մասին՝ Ռուդսկոյը նշել է, որ քաղաքում ամեն օր իրականացվում են մարդասիրական ակցիաներ, աշխատում են տաք սննդի տրամադրման կետեր, իսկ տեղի բնակիչներն օգնում են իշխանություններին մաքրել փողոցները: