ԱՄՆ մի շարք նահանգներ ևս միացել են Հավայիին` դատական կարգով վիճարկելով Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը
ԱՄՆ-ի Նյու Յորք և Վաշինգտոն նահանգները միանում են Հավայի նահանգին, որի իշխանությունները մտադիր են դատարանում վիճարկել նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ներկայացվել է օրեր առաջ:
Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հիշեցնելով, որ նախագահ Թրամփը երկուշաբթի նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` 90 օրով արգելում է մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:
Վերոնշյալ երկու նահանգի իրավապաշտպանները վիճարկում են այս հարցը` պնդելով, որ Թրամփի ստորագրած առաջին հրամանագրի արգելքն անփոփոխ է մնացել:
Նշվում է, որ Մինեսոտա և Օրեգոն նահանգները ևս դատական հայցեր են պատրաստում հրամանագիրը կասեցնելու համար, որն ուժի մեջ է մտնելու մարտի 16-ին:
Հավայի նահանգի իրավապաշտպաններն ավելի վաղ հայտարարել էին, որ նոր հրամանագիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքները:










