Վլադիվոստոկում կինն իր նորածին երեխային «զբոսանքի է հանել» պատուհանագոգին ամրացված հարմարանքի վրա (տեսանյութ)
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանությունը ստուգում է հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ կինն իր նորածին երեխային զբոսանքի տանելու փոխարեն նրան դրել է պատուհանագոգին ամրացված հարմարանքի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է` ինչպես է կինը բացում պատուհանը, դրան ամրացված տախտակից կապոց վերցնում, որը նման է բարուրած երեխայի, և ներս տանում սենյակ:
Ինչպես նշում են ԶԼՄ-ները` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին, ոստիկանների հարցերին կինը պատասխանել է, որ ինքն իրավունք ունի իր երեխային զբոսանքի տանել այնպես, ինչպես հարկ է համարում:
Ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է, որ բաժանմունքում դիմում է ստացվել անհանգստացած բնակիչներից: Դեպքի վայրում աշխատում են տեսուչները, իսկ Քննչական կոմիտեի շրջանային քննչական վարչությունը ստուգում է սկսել:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ ոստիկանության աշխատակիցները հանդիպել են նորածին աղջկա ծնողների հետ:
«Բնակարանը պատշգամբ չունի, և նորածին աղջկա հայրը հատուկ հարմարանք է ամրացրել պատուհանագոգին, որպեսզի երեխան մաքուր օդ շնչի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ` ոստիկանները պրոֆիլակտիկ զրույց են անցկացրել ծնողների հետ և նախազգուշացրել երեխայի հանդեպ պարտականությունները չիրականացնելու դեպքում հնարավոր քրեական պատասխանատվության մասին:
Նշվում է, որ անչափահասների գործերով տեսուչները վերահսկողության տակ են վերցրել ընտանիքը:










