Մալայզիայում դեռ չեն որոշել՝ ինչ անել Կիմ Չեն Ընի սպանված եղբոր մարմնի հետ
Մալայզիայի իշխանությունները դեռևս չեն որոշել, թե ինչ են անելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանված եղբոր՝ Կիմ Չոն Նամի մարմնի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Խիլմի Յահայան, գրում է gazeta.ru կայքը:
Հայտնի է, որ դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է մարտի 10-ին, որից հետո ոստիկանությունը Նամի մարմինը հանձնել է երկրի առողջապահության նախարարությանը:
Երկրի օրենսդրությունը ժամկետային սահմանափակումներ չի սահմանում մահացածի մարմնի արտահանձնման հետ կապված, ընդ որում՝ մարմինը հանձնվում է միայն մտերիմ ազգականներին:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մեզ ժամանակ է պետք որոշում կայացնելու համար», - ասել է մալայզիացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ փետրվարին Մալայզիայում սպանվել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը, որն իր կյանքի վերջին մի քանի տարին անցկացրել է հայրենիքի սահմաններից դուրս՝ թաքնվելով եղբոր գլխավորած բռնապետական ռեժիմից: Հաղորդվում է, որ նա սպանվել է Կուալա Լումպուրի օդանավակայանում` թունավոր նյութի օգնությամբ: Ամերիկացի և հարավկորեացի փորձագետների կարծիքով` վերջինիս սպանությունն իրագործվել է ԿԺԴՀ-ի հատուկ գործակալների պատվերով:
Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանը սպանության հաջորդ օրը հանդես էր եկել հայտարարությամբ և ասել, թե Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանվածն իրականում Կիմ Չեն Ընի եղբայրը չէ, այլ՝ մեկ ուրիշ հյուսիսկորեացի:










