Մեքսիկայում հայտնաբերվել է մոտ 240 մարդու մնացորդներով զանգվածային գերեզման

09:37 • 11.03.17

Մեքսիկայի Վերակրուս նահանգում պեղումների ընթացքում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որտեղ գտնվել է մոտ 240 մարդու մնացորդ, հայտնում է Telesur-ը՝ հղում անելով տեղում աշխատող դատաբժշկական փորձագետների հաղորդած տեղեկություններին:

Ըստ բժիշկների՝ խոսքը հիմնականում 14-25 տարեկան երիտասարդների մարմինների մասին է, ընդ որում՝ և՛ արական, և՛ իգական սեռի:

Կոլինաս դե Սանտա ֆե շրջանում գտնվող զանգվածային գերեզմանն առայժմ բացված է միայն մասամբ, մասնագետները համոզված են, որ դիակների թիվը դեռ կավելանա:

Նշենք, որ Վերակրուս նահանգում դեռևս 2010թ.-ից անհայտ կորել է մոտ 720 երիտասարդ: Վերակրուսը վաղուց վերածվել է երկու հզոր թմրակարտելների՝ «Ծոց»-ի և «Լոս Սետաս»-ի միջև հակամարտության թատերաբեմի: Վերջիններս պայքարում են ԱՄՆ անցկացվող թմրանյութի մատակարարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պահելու համար:  «Լոս Սետաս»-ը նախկինում հանդիսանում էր «Ծոցի» զինված թևը, սակայն 2000-ականներին վերջիններս առանձնացան և վերածվեցին ոխերիմ թշնամիների: