Մեքսիկայի բանտերից մեկում կալանավորները պատանդ են վերցրել բանտի ղեկավարին

10:18 • 11.03.17

Մեքսիկայի հարավում գտնվող Օախակա նահանգի Մատիաս-Ռոմերո քաղաքի բանտի ղեկավարը պատանդ է վերցվել բանտարկյալների կողմից, գրում է ТАСС գործակալությունը:

Դատապարտյալները պահանջում են, որ բանտապետի փոխարեն այդ պաշտոնին նշանակվի մեկ այլ մարդ:

Թեև բանտում զանգվածային անկարգությունների վերաբերյալ տեղեկություն չի ստացվել, տարածքում գործում են զինված ուժերի ստորաբաժանումներ՝ իրավիճակի կտրուկ սրման դեպքում համապատասխան գործողություններ իրականացնելու համար:

Նշենք, որ 2016թ.-ի ընթացքում Մեքսիկայի տարբեր բանտերում պարբերաբար տեղի են ունեցել դաժան ընդհարումներ բանտարկյալների միջև: Դրանցից ամենադաժանը տեղի է ունեցել փետրվար ամսին՝ Նուևո Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում, որտեղ բախումների հետևանքով մահացել է 49 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել: