Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր պլանի մանրամասները. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ բացահայտել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման իր պլանի մանրամասները, այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
Ինչպես գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Սփայսերի խոսքով՝ Թրամփի նման որոշման նպատակը բանակցային ռազմավարությունը հնարավորինս արդյունավետ դարձնելն է:
«Նախագահն արդեն բազմիցս հասկացնել է տվել, որ նրա փիլիսոփայությունն իր պլանները բացահայտելու մեջ չէ: Նա իր խաղաքարտերն իր մոտ է պահում», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Փետրվարի վերջին հաղորդվել էր, որ սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման գործընթացը, բայց կոնկրետ ամսաթիվ դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Այդ հարցը քննարկվել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին երկկողմ հանդիպման ժամանակ՝ Բոննում:










