Պետք է վերացնել կանխավճարը բնակարան ձեռք բերելիս. Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՎԿ ծրագրի՝ երիտասարդներին վերաբերող կետերը (տեսանյութ)
Հայկական վերածնունդ կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արթուր Բաղդասարյանը այսօր երիտասարդների հետ հանդիպմանը ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի երիտասարդության խնդիրներին վերաբերող կետերը:
Բաղդասարյանի խոսքով՝ երիտասարդը երկրի հարստությունն է և պետք է նրա նկատմամբ ցուցաբերենք պատասխանատու և հոգատար վերաբերմունք:
Նա նշեց, որ իրենք շատ մեծ տեղ ենք հատկացնում կրթության համակարգին՝ սկսած դպրոցից, քոլեջից և վերջացրած ԲՈւՀ-ով: Ըստ ՀՎԿ ղեկավարի՝ կրթական համակարգը, հատկապես ԲՈւՀ-երում կրթությունը, պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից:
«Մեր ծրագրում հստակ թեզ ենք առաջ քաշել, որի բովանդակությունը հետևյալն է. եթե երիտասարդը սովորում է լավ, նա պետք է սովորի անվճար, եթե երիտասարդը սոցիալական դժվարություն ունի, պետությունը պարտավոր է երաշխավորել բարձրագույն կրթության ստացումը»։
ՀՎԿ ծրագրում տեղ է գտել նաև կրթությունից հետո աշխատանքի անցնելու հարցը:
Կուսակցությունն առաջարկում է մարզերում և Երևանում ստեղծել կարիերայի կենտրոններ և ապահովել աշխատանքի շուկայի ու կրթության սերտ կապը:
Բաղդասարյանը նշում է նաև, որ եթե երիտասարդն ունի լավ բիզնես գաղափար, ապա պետությունը պետք է աջակցի նրան: «ՀՎԿ ծրագրով ասվում է, որ յուրաքանչուր ամուսնացող զույգին պետք է տրամադրվի 500 հազար դրամ, իսկ սոցիալապես անապահովներին՝ 1 մլն դրամ»,- նշեց Բաղդասարյանը՝ խոսելով նաև հիփոթեքային վարկով բնակարանների գնման մասին. «Պետք է վերացնել կանխավճարը բնակարան ձեռք բերելիս»,- նշեց ՀՎԿ ղեկավարը:
Երիտասարդներին վերաբերող մեկ այլ կետով ՀՎԿ-ն առաջարկում է աստիճանաբար անցնել պրոֆեսիոնալ բանակի: Դա, ըստ Արթուր Բաղդասարյանի, միանգամից կլուծի երկու խնդիր՝ և՛աշխատատեղեր կստեղծվեն երիտասարդների համար, և՛ 18 տարեկանը չի կանգնի սահմանին:










