Եթե գնացինք խորհրդարան, բացի ՀՀԿ-ից, բոլոր ուժերին առաջարկելու ենք կոալիցիա կազմել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Եթե գնացինք խորհրդարան, բացի ՀՀԿ-ից, բոլոր ուժերին առաջարկելու ենք կոալիցիա կազմել, և այդ ժամանակ կտեսնենք՝ ով է իրական ընդդիմություն: Այս մասին այսօր «Ելք» դաշինքի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի համապետական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:
«Եթե խորհրդարան մտանք, ընդդիմադիրներին ասելու ենք՝ եկեք իշխանություն ձևավորենք, իշխանությունը փոխենք: Մենք իրենց շանսը կտանք միանալու, այ այդ ժամանակ ով է ընդդիմություն, ով ընդդիմություն չէ խոսակցությունը արմատախիլ կլինի Հայաստանից: Ով այդ առաջարկը ընդունեց, ուրեմն նա ընդդիմադիր է»,- ասաց նա:
Փաշինյանի համոզմամբ՝ այսօրվա հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ Ազգային ժողովում նման իրավիճակի ստեղծման հավանականություն կա, բայց համոզված է, որ իրենց առաջարկը չի ընդունվի քաղաքական ուժերի կողմից:
Tert.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների դեպքը կրկնվի, երբ 3 ընդդիմադիր ուժեր մեծամասնություն կազմեցին, բայց գաղտնի քվեարկության ժամանակ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածուն, Փաշինյանը պատասխանեց. «ԱԺ-ում վարչապետի ընտրությունը անվանական քվեարկությամբ է տեղի ունենալու, այսինքն՝ ժողովուրդը տեսնելու է, թե ով ում օգտին է քվեարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում:










