ՀՅԴ-ն դեռ «հին ընկերն է», «Ելքը» ժողովրդին դիմում է հասկանալի լեզվով, իսկ ՀՀԿ-ի հաղթաթուղթը վարչապետն է. PR խորհրդատուն քարոզարշավի մասին
«PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի գնահատմամբ՝ շատ տխուր և անհետաքրքիր քարոզարշավ է իրականացվում:
«Որքան էլ հնդկական սերիալներին բացասական ենք տրամադրված, այս փուլում փրկօղակ, հակադեպրեսանտ են հանդիսանալու, քանի որ հեսա ծեծկռտուքներ, լցոնումներ են սկսվելու: Հնդկական սերիալներն ավելի գրավիչ են լինելու, քան ընտրությունները, և հետաքրքիր կլինի համադրել և գտնել 10 ընդհանրություններ նրանց միջև»,-ասաց նա:
Հայկ Կիրակոսյանն անդրադարձավ ապրիլի երկուսին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի քարոզարշավին, նրանց կարգախոսներին:
«Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի կարգախոսի՝ «Համախմբում, ժառանգություն, հաղթանակ»-ի այլընտրանքային տարբերակն է մտքումս՝ «Ընտրություն, աղոթք, ապաշխարանք», ինչն առավել ևս բնութագրում է այդ քաղաքական դաշինքին»,-ասաց նա:
«Ելք» դաշինքի մասին նա նշեց, որ այնտեղ տեսնում է հիմնականում գրագետ մարդկանց, ովքեր կարողանում են հաղորդակցվել, ժողովրդին պատասխանել հասկանալի լեզվով:
«Ելք-ը ինձ համար ոչ միանշանակ քաղաքական ուժ է, սակայն այնտեղ էլ ես բավական արժանավոր անձանց եմ ճանաչում, ակտիվիստների, ովքեր քաղաքական ինտրիգների մեջ չեն մտել»,-ասաց նա:
Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին՝ Կիրակոսյանն ասաց, որ գտնում է, թե սեփական անունով դաշինքը հիմնելն արդարացված չէ։
«Եթե օրինակ «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը որոշեց լքել դաշինքը, ապա ոչ գեղեցիկ պատմություն կստացվի, որովհետև կլինի դաշինք, որի անունը կրող քաղաքական գործիչը չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ Հայկ Կիրակոսյանն ասաց, որ նրանք շարունակում են պահել «Մարտի 1-ի» թեման, «գրանցված համազգային հաղթանակը»: Նա նկատեց, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից՝ Facebook-ի, սոցցանցերի և համացանցի գերակտիվ լինելով, իսկ ՀԱԿ-ը բավականին առաջադեմ է դարձել հոլովակների պատրաստման տեսանկյունից:
«Դաշնակցությունը որոշ առումով թողել է հին ընկերոջ տրամաբանությունը, և կուսակցությունը, որը ավելի քան հարյուրամյա պատմություն ունի, նոր սկիզբ է խոստանում, կարծեք՝ ծառի արմատները ճյուղեր խոստանան»,-ասաց նա:
«Հայկական վերածնունդ» կուսակցության կարգախոսը՝ «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի», PR-խորհրդատուն կրկնաբանություն և այդ կոնտեքստի մեջ հոմանիշներ համարեց:
«Հիմնական նույն դեմքերն են, ակնհայտ նույն շեշտադրումն է՝ կանանց սիրտը շահելու, բայց ես մեր կանանց մի քիչ ավելի խոհեմ և բանիմաց եմ համարում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, ապա նա նշեց, որ նրանք օգտագործում են մի բանալի բառ՝ աշխատանք, որը այսօր ժողովրդի սրտին ամենամոտն է:
«Բայց, ցավոք սրտի, կոմունիստների գնացքը ժամանակին բարեհաջող գնացել է, և այսօր ծնվել է մի սերունդ, որը չի հասկանում՝ սոցիալիզմն ինչ է նշանակում, որն իրենց կարգախոսում կա»,-ասաց նա:
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասին էլ Հայկ Կիրակոսյանն ասաց, որ ՀՀԿ-ի հաջողության խաղաթուղթը, հաջողության երաշխավորը վարչապետն է՝ Կարեն Կարապետյանը:
«Ընդդիմությունը կարող է այս անգամ չզբաղվել ՀՀԿ-ի վարկաբեկմամբ, քանի որ իրենց կուսակիցները բավական է մի «ռեպլիկ» թողնեն, և ամբողջ արվածը ջուրն է ընկնում»,-ասաց նա:
Նա ասաց, որ թեև վարչապետը համակրելի քաղաքական գործիչ է և անազնիվ կլինի նրան մեղադրել ոչ գրագետ լինելու մեջ, սակայն այս պարագայում ներսից ունի հակառակորդներ:










