Մենք աշխատում ենք առանց խոստումների, բնակչությունը մեր աշխատաոճը շատ լավ գիտի. Տարոն Մարգարյան

20:56 • 13.03.17

Ավանի Մշակույթի տանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց ավանցիներին, որ եղել են միշտ ՀՀԿ-ի կողքին, որը երբևիցե չի վախեցել և պատասխանատվությունից չի խուսափել:

Նա ասաց, որ թեև կան շատ սոցիալական խնդիրներ, բայց «Հանրապետական» կուսակցությունը ներկայացնում է իր հստակ ծրագիրը այն անելիքների մասին, որոնք ապագա սերնդին, վաղվա օրվան, երեխաներին են ուղղված:

«Մենք վստահ ենք, համոզված ենք, որ այդ ծրագրերը իրականություն են դառնալու, մենք վստահում ենք վարչապետի ներկայացրած փոփոխություններին և հավատում ենք, որ կարճ ժամանակ անց մենք մեր մաշկի վրա դա զգալու ենք: Ուզում եմ կոչ անել վստահեք այն ուժին, որը չի խուսափում պատասխանատվությունից, որը աշխատել է և աշխատում է օր ու գիշեր»,-ասաց նա և նշեց, որ դեռ անելիքներ շատ կան և միասին պետք է երկիրը կառուցեն:

«Մենք չենք եկել խոստումներով, մեր աշխատաոճը երևանցիները, բնակչությունը շատ լավ գիտի: Մենք աշխատում ենք առանց  խոստումների, մենք քննարկում ենք ժողովրդի հետ և ժողովրդի խորհուրդներով ենք առաջնորդվում: Համոզված եմ, որ ապրիլի 2-ին երևանցիները, ավանցիները այն ուժին կվստահեն, որը ունի մեծ ու փորձառու թիմ և պատրաստ է պատասխանատվություն կրել: Մենք ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր, այո, ցանկանում ենք ունենալ առաջընթաց, այո, դե բոլորս միասին պետք է վստահենք դա իրականացնողներին»,- ասաց նա: