Իմ պաստառը պատռած այդ «անգիտակից երեխաներին» ամեն ծվենի համար 300 դրամ է տրվել. Էդմոն Մարուքյան
Ոստիկանությունը երկար փնտրելուց հետո, որպեսզի արդարացնի «Ելք» դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառների վնասումը, դա գցել է ինչ-որ անգիտակից երեխաների վրա. այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Էդմոն Մարուքյանը։
«Դաշինքի գրասենյակի տեսախցիկը տեսանկարահանել է, որ այդ գործողություններն արվել են նպատակային, այդ թվում՝ մի խումբ տղամարդկանց կողմից՝ պաստառները դանակով պատառոտելու միջոցով։ Երկու օր առաջ Վարդանանց թաղամասի նախընտրական շտաբում է իմ մեծադիր բանները էլի նույն կերպ դանակով պատառոտվել. սա երկու: Եվ մարդիկ են եղել, որ տեսել են, որ առանց համարների Նիվա է արել դա, ոչ երեխաներ: Եվ ամբողջ քաղաքով մեկ՝ կազմակերպված, հրահանգավորված, իմ պաստառները պատռում են: Եվ միայն իմ: Եվ նաև տեղեկատվություն կա, որ էդ երեխաներին 300 դրամ գումար են առաջարկում ամեն մի պաստառի մի կտորի համար: Եթե երևում է, որ իմ պաստառն է, ամեն մի ծվենի համար 300 դրամ են տալիս»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ պարզվել է, որ դա արել են Վանաձորի երկու անչափահաս բնակիչներ (2005 թ. և 2006 թ. ծնված). նրանք խաղալիս անգիտակցաբար պոկել են պատգամավորության թեկնածուի քարոզչական պաստառը:
Էդմոն Մարուքյանը անընդունելի է համարում ոստիկանության այն հայտարարությունը, որ իր նախընտրական պաստառները պատռել են երեխաները՝ անգիտակցաբար:
«Եթե էսպես շարունակվի, մարդկանց ծեծեն-ջարդեն, ոստիկանությունը կարող է ասել, որ մարդիկ անգիտակից իրար ծեծում են։ Մարդկանց, երբ ճնշեն, ոստիկանությունը թող հայտարարի, որ մարդկանց անգիտակից ճնշում են։ Երբ 10 հազար դրամ մարդկանց փող բաժանեն, թող ասեն, որ մարդկանց, անգիտակից, 10 հազար դրամներ են տալիս: Եվ այսպես շարունակ»,-թվարկեց Էդմոն Մարուքյանը:
Հարցին, թե չի՞ հավատում, որ իրոք երեխաներ են պատռել պաստառները, պատգամավորության թեկնածուն պատասխանեց. «Իրոք երեխեք եղել են, որ ճղել են, բայց ի՞նչ է նշանակում անգիտակից: Իրենց դերը ո՞րն է: Իրենք պետք է հարցնեն՝ աղջիկ ջան, քեզ ո՞վ ա ուղարկել, որ պատռես: Ո՞ր նախընտրական շտաբից են քեզ ուղարկում, որ պատռես: Կամ անգիտակից՝ մի տեղ պատռեցիր, ամբողջ քաղաքում պատռե՞լ ես»:
Հարցին, թե ինքը կոնկրետ ունի՞ այդ հարցի պատասխանը՝ որ նախընտրական շտաբից, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ ասելով, որ իշխանական՝ ՀՀԿ-ի նախընտրական շտաբից:
Ավելին՝ նա գիտի, որ կոնկրետ խմբեր Վանաձորում աշխատում են «Ելք»-ի ռեսուրսը փոշիացնելու ուղղությամբ:










