Հրապարակվել է Ֆերգյուսոնում բողոքի ակցիաներ առաջացրած սևամորթ դեռահասի սպանությունից առաջ նկարահանված տեսանյութը (տեսանյութ)
ԱՄՆ-ում կիրակի հրապարակվել է տեսանյութ, որն արվել է Ֆերգյուսոն քաղաքում 2014 թվականին սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանությունից կարճ ժամանակ առաջ, գրում է The Independent-ը:
Տեսանյութը ցուցադրել են շատ հեռուստաալիքներ, իսկ նախօրեին ֆիլմը, որում այն ներառվել է, ներկայացվել է Օստինում կայացած կինոփառատոնին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեսանյութի իսկությունը, որն արվել է տեսահսկման համակարգի միջոցով, դեռ պետք է հաստատվի: Տեսանյութում երևում է՝ ինչպես է սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունը մտնում խանութ և խանութի աշխատակիցների մոտ մարիխուանան փոխանակում սիգարի տուփերի հետ: Ընդ որում՝ սրահից դուրս գալուց առաջ նա թողնում է սիգարները՝ ենթադրաբար դրանց հետևից վերադառնալու համար:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեսանյութը կարող է կասկածի տակ առնել ոստիկանության հայտարարություններն այն մասին, թե ոստիկան Դարեն Ուիլսոնը սպանել է անզեն Բրաունին, քանի որ նա փորձում էր կողոպտել խանութը: Ողբերգությունից հետո իրավապահները հրապարակել էին տեսանյութի մեկ այլ հատված, որտեղ երևում է, թե ինչպես է Բրաունը վերցնում սիգարների տուփը և հեռանում՝ հրելով խանութի աշխատակիցներից մեկին: Նոր տեսանյութը հիմք է տալիս կարծելու, որ դա արդեն երկրորդ անգամն էր, որ դեռահասը մտնում էր խանութ, իսկ կողոպուտ որպես այդպիսին չի եղել:
Հիշեցնենք, որ դեռահասի սպանությունը բողոքի մեծ ալիք էր առաջացրել Ֆերգյուսոնում։










